Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԻԻՀ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերևույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող ԻԻՀ քաղաքացիներին հարցաքննելու համար։

 

Թարգմանչին օրենքով սահմանված կարգով պարզաբանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ակնհայտ կեղծ թարգմանություն կատարելու և նախաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։

 

Թարգմանչի ու պաշտպանի մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է կասկածյալներին, կատարել առերեսումներ, իսկ սեպտեմբերի 22-ին առաջարկել է պաշտպանին և թարգմանչին ներկա գտնվել կասկածյալի բնակարանի խուզարկությանը։

 

Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։

Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է: