Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցում սեպտեմբերի 28-ին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով, մեկ օրով դադարեցվելու է Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց տրանսպորտային միջոցների հոսքը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով, որպես այլընտրանքային լուծում, վարորդներին առաջարկվում է օգտվել Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի (և հակառակը) ուղղությունից:

 

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: