Սկսած 2003 թ. բնակարաններ տրամադրվում էին մանկատների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: 2012-2013 թթ. պետության կողմից տրամադրվել են որոշակի թվով լրացուցիչ բնակարաններ, սակայն հերթում դեռ մնացել են շուրջ 330-340 անապահով ընտանիքներ: Այս մասին հոկտեմբերի 13 «Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» թեմայով աշխատաժողովի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

 

«Կառավարության 2013 թ. օգոստոսի 1-ի համապատասխան որոշմամբ սոցիալապես ծայր անապահով են համարվում… մանկատների շրջանավարտները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, սոցիալապես խիստ անապահովները, անժառանգ թոշակառուները, միածնող երեխաները և սատարող ընտանիքները: 2012 թվականին նմանատիպ անձանց Հայաստանում տրամադրվել էր 59 բնակարան, իսկ 2013-2014 թթ. Երևանում տրամադրվել է 45 բնակարան, Սպիտակում՝ 9, Մարալիկում լրացուցիչ 30 բնակարան: Ներկայումս ընթանում է այդ բնակարանների բնակեցումը»,- տեղեկացրեց Աստղիկ Մինասյանը:

 

Ըստ սոցիալական աջակցության վարչության պետի՝ պայմանները բավականին խիստ են արդեն իսկ ընտրության տեսանկյունից. նախորդ հինգ տարում վերը նշված կարգի անձինք անշարժ գույքի գործարք չպետք է իրականացրած լինեն, և սեփականության իրավունքով չպետք է ունենան բնակտարածություն:

 

«Ներկա պահին հաշվառումը շարունակվում է, սակայն պայմանները բավականին խիստ են, և մեծ հերթ չկա, որը համապատասխանում է թե պետության հնարավորություններին, թե առկա կացարանների թվին», - հավելեց Աստղիկ Մինասյանը:

 

Նա ասաց նաև, որ անապահով անձանց և ընտանիքներին այս բնակարանները պայմանագրի հիման վրա տրամադրվում են տասը տարի անվճար հիմունքներով, որից հետո նախատեսվում է այդ բնակարանների տրամադրումը տվյալ անձանց կատարել վարձակալության հիմունքներով՝ արտոնյալ պայմանների հիման վրա: