Հարկային արտոնությունների տրամադրումը միշտ էլ հրապուրիչ է բիզնեսի համար, սակայն ամբողջ տնտեսության տեսանկյունից հարկային արտոնություններն ունեն իրենց բացառիկ թերությունները: Այս մասին Ազգային ժողովում «Սահմանամերձ գյուղերում գործողությունների իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին՝ հարկային արտոնությունների տրամադրման քաղաքականության ընդլայնման վերաբերյալ: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է օրենքի հավասար կիրառությանը, հավասար տնտեսական մրցակցությանը և, իհարկե, հնարավոր վարչարարական և հսկողական ռիկսերին:

 

Բնականաբար, սա առաջին քայլն է, և մենք կարծում ենք, որ քաղաքականության հետագա ուղությունները որոշելիս մենք պետք է ձեռքի տակ ունենանք այս արտոնությունների կիրառման արդյունքները: Կարծում եմ, որ այդ արդյունքների ամփոփումից հետո մենք կկարողանանք պատկերացում կազմել քաղաքականության ընդլայնման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

 

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե ինչպիսի վարչարարական երաշխիքներ կարող են լինել ներկայացված օրենսդրական նախաձեռնության կիրառումից հետո՝ Միրումյանը նշեց, որ երաշխիքներից մեկը, բնականաբար, հարկային մարմին-հարկատու շփումների կրճատումն է, որի ուղղությամբ կառավարությունը ներկայացրել է առաջարկներ:

 

«Մեր երաշխիքը նաև տնտեսավավարող սուբյեկտների թիրախավորումն է, և նրանց հանդեպ վարչարարական լծակների կիրառումն է: Եվ մեր ամենագլխավոր երաշխիքը մեր հարկային աշխատակիցների պատշաճ վերապատրաստումն է, որի արդյունքում հետ կապվ ած մենք բավականին դրական ակնկալիքներ ունենք: Մասնավորապես, Ազգային ժողովն անցյալ տարի ընդունեց նաև համապատասխան օրենք, որով մենք մեր հարկային, մաքսային ծառայողների վերապատրաստումը դարձրեցինք մշտական գործունեություն, այսինքն՝ մենք ձերբազատվեցինք այն իրավիճակից, երբ նախկինում 3 կամ 5 տարին մեկ անգամ հարկային տեսուչները կարող էին վերապատրաստում անցնել:

 

Այժմ մենք մեր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում ենք վերապատրաստման շարունակական ծրագրեր, որոնք օդում չեն մնում և անմիջականորեն կապված են հարկային ծառայողների ատեստավորման եղանակների հետ, ինչը բավականին լուրջ շարժառիթ է, որպեսզի նրանք կարողանան ունենալ համապատասխան գիտելիքներ և ցուցաբերել հարկային ծառայողին պատշաճ վարքագիծ: Մեր երաշխիքները դրանք են. մենք պետք է վերապատրաստման ծրագրերի իրականացման եղանակով փորձենք հասնել նրան, որ վարչարարության գործընթացը լինի թիրախավորված և անհարկի դրսևորումներ տեղի չունենան»,- նշեց Միրումյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջաններում գործունեության իրականացումն ազատել բոլոր տեսակի հարկերից: