Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:

 

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:

 

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

 

Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշ¬խար¬հային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

 

Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:

 

Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:

 

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պե¬տա¬կան մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով: