ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունները Մինսկի պայմանավորվածությունների լուրջ խախտում են դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հակը:

 

«Մի քանի օր առաջ մենք հանդես ենք եկել այդ ընտրությունների հետ կապված հայտարարությամբ: Դրանում ասվել է, որ այդ ընտրությունները Մինսկի համաձայնությունների լուրջ խախտում են: Հենց այդ կարծիքին է գլխավոր քարտուղարը: Նրա տեսակետը չի փոխվել»,- ընդգծել է Հակը, հավելելով, որ անցկացված ընտրությունները չեն նպաստի Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Հակը ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե ՄԱԿ-ում պատրաստ են արդյոք աշխատել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի նոր ղեկավարության հետ: «Տվյալ փուլում ես դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել է նա:

 

ԴԺՀ-ի ղեկավարի և պատգամավորների ընտրություններում առաջատարը ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն է և նրա գլխավորած «Դոնեցկի հանրապետություն» շարժումը: ԼԺՀ-ի ընտրություններում հաղթում է ինքնահռչակ հանրապետության գործող առաջնորդ Իգոր Պլոտնիցկին և «Խաղաղություն Լուգանշչինայում» հասարակական կազմակերպությունը, որի ցուցակը նա գլխավորում է:

 

Կիևում հայտարարում են ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրությունների անցկացման անօրինականության մասին, քանի որ, Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, այդ քվեարկությունը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին:

 

Այդ դիրքորոշմանն աջակցում է Արևմուտքը: Ինչպես հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ-ն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների և խորհրդարանների պատգամավորների ընտրությունները համարում է անօրինական և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: «Ես Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» խորհրդարանական ընտրությունները և նախագահների ընտրությունները նոր խոչընդոտ եմ համարում Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին,- ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:- Քվեարկությունն անօրինական է, և Եվրամիությունը չի ճանաչում այն»:

 

ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ընտրությունների անցկացումը դատապարտել է նաև ԱՄՆ-ն: «Մենք դատապարտում ենք անօրինական այսպես կոչված ընտրությունները, որոնք կիրակի օրն անջատականների կողմից անցկացվել են Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում: Նման «ընտրությունների» անցկացումը հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը և Մինսկի սեպտեմբերի 5-ի արձանագրությանը»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ստրոհը:

 

Իսկ Ռուսաստանը ինքնահռչակ հանրապետություններում անցկացված քվեարկությունը դրական քայլ է համարում Ուկրաինայի իրադրության կարգավորման գործընթացի շրջանակներում: Քվեարկության նախաշեմին ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրություններն անցկացվում են Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան և հնարավորություն են տալիս Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությունը փոխադրել կառուցողական երկխոսության հուն:

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդների և ղեկավարների ընտրությունների արդյունքները, որոնք «կարևոր կլինեն իշխանության օրինականացման տեսանկյունից»: