ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ' բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ ՏՄՊՊ հանձնաժողովի մերժվել է և ՏՄՊՊՀ որոշումը մնացել է ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր 3 ատյաններում:

 

Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները, հակամրցակցային համաձայնության գալով, բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար:

 

Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեք ընկերությունները դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

 

Ներկրման և իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն պետբյուջե կվճարի 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ: