Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ Է արել ակտիվ քայլեր ձեռնարկել Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում Կիեւի եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ երկխոսություն հաստատելու համար:
«Հաշվի առնելով կայացած ընտրությունները՝ խիստ կարեւոր է ակտիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ կայուն երկխոսություն հաստատելու համար՝ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների հունով»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Պատրաստ ենք մեր միջազգային գործընկերների հետ միասին այսուհետեւ էլ կառուցողականորեն աջակցել Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ընդգծվում Է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունները Մինսկի պայմանավորվածությունների լուրջ խախտում են: Ինչպես հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հակը, անցկացված ընտրությունները չեն նպաստի Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԴԺՀ-ի ղեկավարի եւ պատգամավորների ընտրություններում առաջատարը ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն է եւ նրա գլխավորած «Դոնեցկի հանրապետություն» շարժումը: ԼԺՀ-ի ընտրություններում հաղթում է ինքնահռչակ հանրապետության գործող առաջնորդ Իգոր Պլոտնիցկին եւ «Խաղաղություն Լուգանշչինայում» հասարակական կազմակերպությունը, որի ցուցակը նա գլխավորում է:
Կիեւում հայտարարում են ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրությունների անցկացման անօրինականության մասին, քանի որ, Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, այդ քվեարկությունը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին: Այդ դիրքորոշմանն աջակցում է Արեւմուտքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: