Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմաբավորմանը Թուրքիայի կողմից օգնություն տրամադրելու մասին ապացույցներին գումարվել է եւս մեկը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան Newsweek հանդեսը:

 

Հանդեսին տված հարցազրույցում «Շերքո Օմեր» ծածկանունով ԻԼԻՊ-ի նախկին անդամը հայտարարել է, որ իրենց հրամանատարները բազմիցս ասում էին իրենց, որ «Թուրքիայի հետ ամբողջական համագործակցության մեջ են»:

 

«ԻԼԻՊ-ի հրամանատարները մեզ ասում էին, որ ոչնչից չվախենանք, քանի որ Թուրքիայի հետ ամբողջական համագործակցության մեջ են եւ աջակցություն են ստանում Անկարայից», -նշել է Օմերը:

 

Նա նաեւ հայտնել է, որ Սիրիայում քրդերի վրա հարձակումների ժամանակ ԻԼԻՊ-ն իրեն Թուքիայի դաշնակիցն էր տեսնում: «Քրդերը ԻԼԻՊ-ի եւ Թուրքիայի ընդհանուր թշնամին էին: ԻԼԻՊ-ը ստիպված էր դաշնակցել Թուրքիայի հետ, քանի որ միայն Թուրքիայի վրայով էր կարողանում մարտիկներ ուղարկել Սիրիայի հյուսիս եւ քրդաբնակ շրջաններ», -ասել է նա:

 

ԻԼԻՊ-ին Թուրքիայի կողմից աջակցություն ցուցաբերվելու մասին բազմիցս հայտնել է նաեւ IMC TV հեռուստաալիքը, որը ռեպորտաժներ է ցուցադրել Թուրքիայի վրայով Քոբանի անցնող իսլամիստ ջիհադականների մասին: