ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդպմանը ներկա են եղել նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի և մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրել է, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության և սահմանների պաշտպանության գործում, այլև միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստել է, որ տարբեր սպորտաձևեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ մրցաշարերում:
Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե և 17 բրոնզե մեդալներն են: Ավելին' 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վար պետի, երկուսին էլ' միջազգային գրոսմայստերի կոչումներ:
Ողջույնի և երախտիքի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը:
Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներւմ բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի և Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է պաշտպանության նախարարի ամփոփիչ ելույթով: Կարևորելով սպորտի և ֆիզիկական պատրաստության դերը զինված ուժերում և զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացում' պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարզիկ զինծառայողներին մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Սեյրան Օհանյանը հույս է հայտնել նաև, որ արձանագրված հաջողություններն ու խրախուսումները պարտավորեցնող կլինեն և 2015թ. ընթացքում հայկական դրոշը կշարունակի ծածանվել միջազգային մրցաշարերում: