Սիրիական Համա մարզի Քարնազ գյուղաքաղաքի դպրոցի վրա 2 հրասանդներ են ընկել, որոնց հետևանքով 7 երեխաներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ, բացի զոհերից, ևս 4 վիրավորներ կան: Դպրոցը նյութական խոշոր վնասներ է կրել:
Առողջապահական աղբյուրները տեղեկացրել են, որ զոհերի և վիրավորների տարիքը չի գերազանցում 12 տարեկանը:
Քարնազ գյուղաքաղաքը գտնվում է Համա քաղաքից 45 կմ հեռավորության վրա: Այն նաև մոտ է Քաֆր Նաբուդա և Քաֆր Զիթա գյուղաքաղաքներին, որտեղ տեղակայվել են զինված ահաբեկչական կազմակերպությունների հենակետերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի Ջարամանա արվարձանում հրասանդ է ընկել, ինչի հետևանքով 4 քաղաքացի է վիրավորվել: Ոոստիկանության տեղեկացմամբ' հրասանդն ընկել է Ջանաին թաղամասի Մադարիս փողոցում: Բացի մարդկային վնասներից, մոտակայքում կայանված 3 մեքենա նյութական վնասներ է կրել: