Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Սալբերը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը: Այս մասին գրել է asbarez.com-ը:

 

Նոյեմբերի 11-ին Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը» թեմայով համաժողովի ընթացքում Սալբերը հանդես է եկել ելույթով:

 

Սալբերը նաև վերահաստատել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հակամարտության հարցում Մինսկի գործընթացին աջակցելն է, ոչ թե այն փոխարինելը կամ տապալելը:

 

Դեսպան Սալբերը կոչ է արել հակամարտության կողմերին մոտենալ բանակցությունների հարցին հրատապության թարմ զգացումով: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի կարող ինքնուրույն լուծել հակամարտությունը՝ հավելելով, որ «կողմերը պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամքը»:

 

Սաբլերը, հաստատել է Լեռնային Ղարաբաղը այցելելու ցանկությունը: Նա հույս է հայտնել, որ շուտով կարող են ստեղծվել եվրոպացի դիվանագետների համար Լեռնային Ղարաբաղ այցելելու քաղաքական պայմաններ:

 

«ԵՄ-ի ներկայացուցիչը պետք է կարողանա ասել. «Ես իմ աչքերով տեսել եմ՝ ինչ է այնտեղ տեղի ունենում և հնարավորություն եմ ունեցել խոսել մարդկանց հետ»»,- ասել է նա: