ԱՄՆ-ի և միջազգային դաշինքի օդանավերը Սիրիայի և Իրաքի տարածքում ռմբակոծել են «Իսլամական պետության» հսկողություն տակ գտնվող նավթային բազաները՝ նպաստելով կազմակերպության եկամուտների նվազմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման հարվածներով միջազգային դաշինիք նպատակադրվել է ահաբեկիչներին զրկել ֆինանսական ռեսուրսներից և թուլացնել նրանց ռազմավարությունը:
Ավելի վաղ ծայրահեղական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին ձայնագրություն է տարածել, որում կոչ է արել համընդհանուր ջիհադ վարել: 17 րոպե տևողությամբ ձայնագրությունը հայտնվել է այն ժամանակ, երբ լուրեր են տարածվել Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին:
Ձայնագրության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դեմ պայքարը կձախողվի, և նա կողմնակիցներին կոչ է ուղղել ողջ աշխարհում բոցավառել ջիհադի «հրաբուխները»: Ալ Բաղդադիի խոսքով' ԻՊ-ն տարածվել է Սաուդյան Արաբիայում, Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Ալժիրում:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մոսուլի մերձակայքում ավիահարվածի հետևանքով ալ Բաղդադին սպանվել է, ապա լուրեր էին տարածվել նրա վիրավորվելու մասին: