
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու դրանով նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Արդարադատության նախարարության հասարակայնու թյան հետ կապերի բաժնից, ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին' առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Քննարկման ընթացքում անդրադարձել են ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին և փորձագիտական խմբին վերաբերող հարցերին:
Նախագծով խորհրդում երկու տեղ է նախատեսված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ովքեր կընտրվեն մրցույթի արդյունքում, որից հետո նոր միայն խորհուրդը կհաստատի ռազմավարության նախագիծն ու կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը:
Սուրեն Քրմոյանն առաջարկել է ներկաներին կարծիքներ հայտնել ռազմավարության նախագծի, միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ փաստաթուղթը ամբողջկան տեսքի բերելու նպատակով:
«Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերներն այդ ամբողջ գործընթացների մասնակիցը դառնան: Խնդրում ենք ձեզ ակտիվություն ցուցաբերել նախագծի մշակման աշխատանքներում»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:
Քննարկմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները շեշտել են խորհրդի կազմում հասարակական սեկտորի ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում որոշվել է լրացուցիչ ժամանակ հատկացնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին' նախագիծն ուսումնասիրելու և դրա վերաբերյալ առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացնելու նպատակով:
Հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագիծը ներկայացնում է ՀՀ կառավարության դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ: Փաստաթղթում սահմանվում է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև այն ռազմավարական ուղղությունները, որոնք հիմնականում վերաբերում են հանրային ծառայության ոլորտում ազնվության ապահովմանն ու ամրապնդմանը, թափանցիկության և բաց համակարգի խթանմանն, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ավելի մեծ մասնակցության ապահովմանը: