Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով այժմ մարզում է ղազախական «Տոբոլը», ծավալուն հարցազրույց է ունեցել ng.kz կայքի հետ:

Այն հարցին թե, որ թիմին է նախապատվությունը տալիս և որ թիմի խաղերին է հետևում, Մինասյանը պատասխանել է.

«Կա թիմ, որն ընդմիշտ կմնա իմ սրտում' Հայաստանի հավաքականը: Այնտեղ աշխատել եմ 4 տարի: Միասին արդյունքների ենք հասել: Թիմը ներուժ ունի և ավելի մեծ հաջողությունների կհասնի: Այդ թիմի հետ ինքս էլ եմ առաջընթաց ապրել: Այդ թիմը միշտ ինձ հետ է: Իհարկե, հիմա աշխատում եմ «Տոբոլում» և ամբողջ մտքերս կապված են ակումբի հետ»,- նշել է Մինասյանը:

Համեմատելով Հայաստանի և Ղազախստանի առաջնությունները՝ Մինասյանը հավելել է.

«Ղազախստանի առաջնության մակարդակն ավելի բարձր է, և ֆինանսավորումն է ավելի շատ, սակայն Հայաստանում ենթակառուցվածքներն ավելի լավն են: Այնտեղ կա մի քանի ակադեմիա, որոնք կառուցված են եվրոպական չափանիշներով, Ղազախստանում դա դեռևս չեմ տեսնում»: