Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով Բրյուսել կատարած իր այցը, նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարևորությունը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք կարողացել ենք սկսել է ուղիղ երկխոսություն Ռուսաստանի հետ և պատրաստ ենք այն շարունակել: Սակայն մենք սկզբունքային կլինենք տարածքային ամբողջականության հարցում և չենք գնա փոխզիջումների, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է նաև, որ «Վրաստանը 2 տարվա ընթացքում կարողացել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հասցնել նվազագույնի»։
«Նովոստի Գրուզիայի» փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին ուշադրություն է դարձրել, որ Վրաստանն այսօր էական առաջընթացի է հասել ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններում, սակայն չկա ոչ մի առաջընթաց քաղաքական հարաբերություններում։
«Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում մենք չունենք ռեալ առաջխաղացում, սակայն հարկ է սպասել իրադարձությունների զարգացմանը։ Եվ մենք ունենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը, մեզ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել, ավելի շատ միասնականություն ունենալ և ավելի քիչ ներքին հակասություններ»,- ասել է նա: