Ոսկեգործության և հարակից ոլորտներում որակյալ կադրերի պահանջարկ կա: Այս մասին նշեցին ոսկեգործության, ժամագործության, ադամանդագործության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները' ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ: Նշյալին ի պատասխան' նախարարը հայտնեց, որ աշխատողներին մոտիվացնելու համար, առաջին հեթին, պետք է բարձր աշխատավարձ առաջարկել:

 

Քննարկումների նպատակը ոլորտներում առկա խնդիրների վերհանելն ու դրանց լուծումներ առաջարկելն է' լուծումներ, որոնք, հնարավորության դեպքում, ՀՀ կառավարությունը կիրագործի:

 

«Երևանի ոսկերչական գործարան-1. Գնոմոն» ՓԲԸ տնօրեն Էմիլ Գրիգորյանը ներկայացրեց դաշտի իրենց ուսումնասիրությունը, մասնավորապես, խոչընդոտող հանգամանքները: Մասնավորապես, նա հարկման նոր մեխանիզմների առաջարկ ներկայացրեց, ըստ որի, հումքի արժեքը պետք է չհարկվի:

 

Լսելով նրա առաջարկը' նախարարը հղեց հետևյալ հարցը. «Այսինքն' եթե նոր արտադրանքի մեջ 15 տոկոսն է աշխատանքը, 85 տոկոսը հումքն է, միայն 15 տոկոսից հարկվի», որին հնչեց «այո» պատասխանը:

 

«Այստեղ ավելի հետաքրքիր է մրցակից երկրներում այդ մեխանիզմների ուսումնասիրությունը' հատկապես այն երկրներում, որտեղ դուք իրացնում եք ձեր ապրանքը. պետք է ամեն ինչ նայենք համեմատության մեջ: Առաջարկը գրանցվեց, մեր մասնագետները կուսումնասիրեն նաև միջազգային փորձը մեկ շաբաթվա ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Հաջորդ խնդիրը, ըստ ոսկեգործի, վերաբերում է թանկարժեք մետաղների գնմանն ու հարկմանը: Նախարարը նշեց, որ այդ խնդիրը ևս ուշադրության կենտրոնում կպահեն:

 

Բացի այդ, առաջարկվեց ոսկու Դորեի համաձուլվածքի որոշ մասը Հայաստանում իրացնելու համար արտոնություններ տալ արտադրողներին, ինչը կօգնի հենց ոսկեգործներին: Քանի որ Դորեի համաձուլվածքի արտահանումն ավելի նպաստավոր է, քան տեղական շուկայում իրացումը, արտադրողները նախընտրում են արտահանել իրենց ապրանքը: Այդ պատճառով առաջարկվեց հավասար պայմաններ ստեղծել թե' Հայաստանում իրացման, թե' արտահանելու դեպքում:

 

Քննարկման ժամանակ իրենց ընկերությունների արտադրական ծավալների, աշխատակիցների ու գործունեության ըթնացքում առաջացող խնդիրների մասին տեղեկություններ հայտնեցին նաև հանդիպմանը մասնակից այլ գործարարներ: