Հայտնի է, որ Հայաստանը դեռևս շատ հնուց աչքի է ընկել խաղողագործության ու գինեգործությանհարուստ ավանդույթներով: Մանավանդ խորհրդային շրջանում մեր երկիրն այս ոլորտում հսկայական հաջողություններ գրանցեց՝հանրահռչակվելով որպես ընտիր գինու օրրաններից մեկն աշխարհում: Անկախության շրջանում, մյուս ոլորտների պես, այս ոլորտն էլ էական հետընթաց ապրեց: Իրավիճակը, թվում էր, շտկման միտումներ է դրսևորում 2000-ականներին, սակայն, ինչպես տեսնում ենք, այդպես էլչհաջողվեց լիովին վերականգնել անցյալի ողջ ներուժը:

 

 

Այս խնդիրը, դատելով ոլորտի մասնագետների ու գործարարների հայտարարություններից, առավելապես սրվել է հատկապես վերջին շրջանում՝ պայմանավորված արտաքին մի շարք անբարենպաստ գործոններով, որոնք իրենց բացասական հետքն են թողնում ոչ միայն գինեգործության, այլև, որ ոչ պակաս կարևոր է, հայրենի կոնյակագործության վրա: Գինեգործների հավաստմամբ՝ իր անբարենպաստությամբ 2015 թվականը բացառիկ էր, ինչի հիմնական պատճառներից մեկը, անշո՛ւշտ, ռուսական ռուբլու սրընթաց անկումն էր. մեր արտադրանքը հիմնականում սպառվում է հենց ռուսական շուկայում և հենց այստեղ տիրող ֆինանսատնտեսական բարդ իրավիճակն է, որ հայ արտադրողներին կանգնեցրել է փաստի առաջ:


Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից կոնյակի արտահանման ծավալները պակասել են շուրջ 15-20%-ով, իսկ արժեզրկումը կազմել է 25%՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական շուկայում մեր ալկոհոլային արտադրանքն ունի հզոր մրցակիցներ՝ թե՛ գնի, թե՛ առաջարկվող որակի առումներով, պարզ է դառնում, որ այս անգամ էլ առանց կառավարության աջակցության անհնար կլինի կասեցնել այն անկումային ընթացքը, որ սկսել է բնորոշ դառնալ այս ոլորտին:

 

 

Գինեգործներից շատերն այն կարծիքին են, օրինակ, որ կառավարությունը, չնայած իրական հնարավորություններին, գործնականում «մատը մատին չի տալիս»՝ բարելավելու թե՛ խաղողագործի, թե՛ գինեգործի տնտեսական վիճակը և զբաղված է միայն ավելորդ հարկեր ու տուրքեր սահմանելով, ինչն է՛լ ավելի է վատացնում արտադրողների կացությունը: Խոսքը, մասնավորապես, ակցիզային հարկի մասին է, որը, ստեղծված պայմաններում անկնհայտորեն ավելորդ բեռի է վերածվել մեր գործարարների համար: Վատ է նաև խաղողագործ գյուղացիների դրությունը, որոնցից շատերի աչքերում հուսահատություն է զգացվում. նրանցից շատերը նույնիսկ չեն էլ թաղել խաղողի այգիները՝ համոզված լինելով, որ Հայաստանում խաղողագործությունն այլևս եկամտաբեր գործ չես համարի ու ավելորդ անգամ քրտնել՝ միայն կորուստներ գրանցելու համար, գյուղերում ոչ ոք չի պատրաստվում:

 

 

Բայց ամբողջ ցավն այն է, որ, ըստ որոշ գնահատականների, հայրենի կառավարությունը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից կանխատեսել էլ էր, որ նման իրավիճակ է ստեղծվելու և փաստացի ոչինչ չարեց՝ կանխելու այս ամենը, հետևաբար՝ գոնե 2016-ին պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի Հայաստանում անկում չապրի խաղողագործությունը, որի՝ 20%-ով կրճատումն արդեն իսկ ակնհայտ է։

 

Կառավարությունը պետք է հայտարարի, որ դոտացիա է տալիս եկող տարվա մթերվող խաղողի համար և դրա արժեքի մի մասը սուբսիդավորի, գործարաններին ազատի ակցիզային հարկից և ինտենսիվացնի շուկան: Մեր երկրի տնտեսության պարադոքսներից մեկն այն է, որ ի հակադրություն աշխարհում ընդունված կարգի՝ թեթևացնելու հարկերն ու թույլ տալու մարդկանց շնչել, մենք բիզնեսի համար նորանոր խոչընդոտներ ենք ստեղծում՝սահմանելով ավելորդ հարկատեսակներ, որոնք չնայած կարճաժամկետ կտրվածքով կարող են որոշակի դրական ցուցանիշներ ապահովել՝ պետբյուջեի եկամուտների առումով, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք միայն բացասաբար ենանդրադառնում տնտեսության վրա: Այստեղ պակաս կարևոր չէ հիշել նաև հասարակ խաղողագործ գյուղացիների մասին, որոնք շարունակում են «ճռռալ» զանազան բանկերից վերցրած վարկերի տակ,որոնք որևէ կերպ արդարացված չես համարի. մարդիկ փաստացի զուր տեղը «խրվել» են պարտքերի մեջ, իսկ «թունելի վերջում լույսն այդպես էլ չի երևում»:

 

 

Իսկ ինչպե՞ս երևա, երբ, ասենք Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով լավ մասնագետի համարում ունի, փոխանակ իր նախարարությունում զբաղվի երկարաժամկետ տնտեսական ծրագրեր մշակելով, չգիտես, թե ինչով է զբաղված: Չմոռանանք, որ սույն խնդիրը հենց նրա կոմպետենտության դաշտից է, իսկ գինեգործներն ու խաղողագործներն իրենց հուզող հարցերով պետք է ոչ թե զանազան ասուլիսներ գումարեն՝ իրենց ձայնը կառավարություն հասցնելու նպատակով, այլ կարողանան իրենց հուզող խնդիրներով ներկայանալ նախարարություն, ուր լուծում կտրվի նրանց հուզող բոլոր խնդիրներին: Բայց դե ի՞նչ կարող ենք պահանջել առանձին վերցրած նախարարությունից կամ նախարարից, երբ ողջ կառավարության գործունեության տրամաբանությունն է այդպիսին՝ անտարբեր, բանից անտեղյակ:

 

 

Դավիթ Բաբանով