Հալեպի մարզպետարանը, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի հետ համագործակցելով, ինչպես նաև սիրիական «Կարմիր մահիկ» կազմակերպության օժանդակությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպից արևմուտք գտնվող գյուղերի բնակիչներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի մարզպետարանի խորհրդի անդամ Աբդ ալ Ղաննի Կասաբը նշել է, որ մարդասիրական օգնության շարասյունը բաղկացած է եղել մթերքներով, ծածկոցներով, ներքնակներով, խոհանոցային պարագաներով բեռնավորված 7 բեռնատարից:
Օգնությունը նախատեսված է 7 հազար ընտանիքների համար:
Մարզպետարանի մեկ այլ անդամ' Աբդ Ալլահ ալ Ուարդին նշել է, որ մարզպետարանը ջանքեր է գործադրում մարդասիրական օգնություն հասցնելու քաղաքի և գյուղերի կարիքավոր բնակիչներին:
Հալեպը և մերձակա գյուղերը երկու տարուց ավելի հայտնվել են կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների բախումների թիրախում:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: