ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակը հայտարարել է, որ Կարմիր մահիկ կազմակերպության հետ համագործակցության արդյունքում հնարավորություն են ունեցել մարդասիրական օգնություն տրամադրել Հալեպի Բուսթան ալ Կասր թաղամասի բնակիչներին:

 

Ինչպես հայտնում են արաբական լրատվամիջոցները, նման օգնություն վերջին 10 ամսվա ընթացքում տրամադրվել է առաջին անգամ: Այն հատկացվել է՝ օգտվելով կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև զինադադարից:

 

Երկու բեռնատարները Բուսթան ալ Կասր թաղամաս են տեղափոխել տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ և դեղորայք: Բեռնատարները մարդասիրական օգնությունը հասցրել են թաղամասի մուտքի մոտ, որտեղից փաթեթները տեղափոխվել են պահեստներ: Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ ալ Քուրդին նշել է, որ օգնության փաթեթները հասել են ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքներ:

 

Ավելի վաղ բազմիցս փորձեր են կատարվել մարդասիրական օգնություն հասցնել, սակայն չի հաջողվել: