Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպությունը սիրիական կառավարության օժանդակությամբ և Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպության հետ համագործակցությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի մարզի արևմտյան գյուղերի կարիքավոր բնակիչներին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, թվով 7 բեռնատարները տեղափոխել են տարբեր տեսակի մթերքներ՝ նախատեսված 30 հազար բնակիչների համար: Բացի այդ, օգնության փաթեթներում եղել են խոհանոցային պարագաներ, ծածկոցներ և այլ անհրաժեշտ իրեր:

 

Հալեպի մարզի ներկայացուցիչ Աբդ ալ Ղաննի Կասաբը նշել է, որ մարդասիրական օգնության բեռնատարները Հալեպ են մտել կառավարության պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին: Նա նաև նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն է տարամադրվել քաղաքի հին թաղամասի բնակիչներին, ինչպես նաև զինյալների հսկողության տակ գտնվող թաղամասերին:

 

Հալեպը և մերձակա գյուղերն արդեն 2 տարուց ավելի է հայտնվել են կառավարական ուժերի և զինյալների ռազմական գործողությունների թիրախում: Հատկապես զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին հազվադեպ է հնարավոր լինում օգնություն տրամադրել: