Հալեպի մարզպետարանը մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի Բուսթան ալ Կասր թաղամասին: Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են մթերքներ, բժշկական պարագաներ, մանկական հագուստ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնությունը տրամադրվել է Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի համագործակցությամբ: Հալեպի մարզպետ Մուհամմադ Մարուան Օլաբին նշել է, որ մարդասիրական օգնության 3 բեռնատարները մտել են թաղամաս՝ օգնելու կարիքավոր բնակիչներին: Նրա խոսքով' օգնությունն իրականացվել է կառավարության և միջազգային կազմակերպության համատեղ ջանքերով:

 

ՄԱԿ-ի ներակայցուցիչ Տարեկ ալ Կուրդը նշել է, որ իրենք կշարունակեն օգնություն տրամադրել երկրի բոլոր շրջաններին:

 

Ավելի վաղ մարդասիրական օգնություն էր տրամադրվել Հալեպի մարզի Շեյխ Նաջար և Շեյխ Զիյաթ գյուղերին: Մթերքներով լի շուրջ հազար փաթեթներ են բաժանվել բնակիչներին:

 

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: