Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցություններում «իրանական մեծ ժողովրդի հաղթանակի մասին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ բանակցություններն ավարտվել են անարդյունք: Կողմերի միջեւ համաձայնության հասնելու վերջնաժամկետը լրացել է նոյեմբերի լույս 24-ի գիշերը, ինչից հետո բանակցորդները հայտարարել են կոնսուլտացիաները մինչեւ հաջորդ տարվա հունիսի վերջը շարունակելու մասին:
«Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ Իրանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ է խստացնել. այսպիսին է մեր այսօրվա դրությունը,- պարզաբանել է Ռոուհանին:- Ամբողջ աշխարհն ասում է, որ վերջնական պայմանավորվածության հասնելու համար մեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ, ավելի շատ քննարկումներ»:
Նրա խոսքով՝ Վիեննայի բանակցություններում մասնակիցներին հաջողվել է հաղթահարել բազմաթիվ տարաձայնություններ: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը «վաղ թե ուշ կբերի համաձայնության»:
Հասան Ռոուհանին արդեն հասցրել է հեռախոսազրույցի ընթացքում Վիեննայի բանակցությունների արդյունքները քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Վիեննայում «վեցյակի» եւ Իրանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ավարտված հանդիպմանը էական առաջընթաց է ձեռք բերվել»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Չնայած իրանական միջուկային ծրագրի շուրջ որեւէ կոնկրետ պայմանավորվածության բացակայությանը, որոշվել է, որ Թեհրանն, այնուամենայնիվ, կկարողանա ստանալ արտասահմանում սառեցված իր ակտիվների մի մասը. գումարը սահմանափակված է ամսական 700 մլն դոլարով: