Լոս Անջելեսում բողոքի ակցիաների երեք օրվա ընթացքում ձերբակալվել են 338 ցուցարարներ, որոնք հանդես էին գալիս Ֆերգյուսոնում (Միսուրիի նահանգ) անցած ամռանը անզեն 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին գնդակահարած ոստիկան Դարեն Ուիլսոնին դատի չտալու երդվյալ ատենակալների ժյուրիի որոշման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտում:

 

Քաղաքի ստիկանապետ Չառլի Բեքը նոյեմբերի 27-ին որոշում է ընդունել Գոհաբանության օրվա կապակցությամբ ազատել ձերբակալվածների մի մասին: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ձերբակալվել էին ոստիկանության հրամաններին չենթարկվելու մեղադրանքով: Իսկ նրանք, ում կասկածում են կարգի պահապանների վրա հարձակումների եւ այլ լուրջ զանցանքների մեջ, կմնան ճաղերի հետեւում:

 

The Los Angeles Times թերթի տվյալներով՝ ցուցարարներից շատերը հայտարարում են, որ քաղաքի ոստիկանությունը բռնել է նաեւ նրանց, ովքեր որեւէ անօրինական գործողություն չեն կատարել: Ոմանք վկայում են, որ չեն լսել ցրվելու հրամանները, ընդսմին հանկարծակի հայտնվել են շրջապատման մեջ եւ ձերբակալվել:

 

Երեք օրվա ընթացքում Լոս ԱՆջելեսի փողոցներ են դուրս եկել մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները փորձում էին արգելափակել ավտոմայրուղիները՝ խանգարելով ճանապարհային երթեւեկությանը, պահանջում էին դատի տալ Ուիլսոնին, ինչպես նաեւ մյուս այն սպաներին, ովքեր անզեն մարդկանց են սպանել ԱՄՆ-ում:

 

Ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետեւանքով վերքեր է ստացել սպաներից մեկը: Ներկայում քաղաքի փողոցներում դրությունը հանգիստ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: