Եմենում ռազմական գործողությունների հետևանքով մարտի 19-ից ի վեր զոհվել է 549 մարդ, ընդ որում 200-ից ավելին խաղաղ բնակիչներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող գր ասենյակը: Համաձայն հրապարկված տեղեկության՝ վիրավորվել է ևս 1707 մարդ:
ՄԱԿ-ը կոչ է արել Եմենի հակամարտող կողմերին հնարավոր ամեն ինչ անել՝ խուսափելու քաղաքացիական պատերազմից, ինչպես նաև թույլ տալ մարդասիրական օգնություն ցուցաբերել կարիքավորներին: ՄԱԿ-ի տվյալներով' վերջին մի քանի օրերի ընթացքում ռմբակոծվել են Եմենի Սանա, Սադա, Հաջա և Ադեն մարզերը:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքն ապրիլի 6-ին իր օդային հարվածները կենտրոնացրել է մայրաքաղաք Սանայի մերձակա շրջանների վրա, որոնց հետևանքով նոր զոհեր են գրանցվել: Նախօրեին արաբական դաշինքի թիրախում են հայտնվել ավելի քան 20 ցամաքային նպատակակետեր, հիմնականում Սանայի շրջանում:
Տեղեկություններ կան, որ շիա ապստամբների հսկողության տակ է անցել Ադեն քաղաքի ալ Մուալլա շրջանը: Բախումները շարունակվում են շիաների, նրանց կողմից գործող բանակի և նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների միջև:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև նախագահի և կառավարության իշխանությունների վերականգնումը: