Ճապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժից, որը հունիսի 18-ին տեղի է ունեցել ճապոնական գլխավոր կղզու Հոնսյուի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել շուրջ 220 մարդ:

Երկրաշարժից հետո կանգնեցվել է երթեւեկությունը երկաթուղիների մի շարք տեղամասերում, ինչպես նաեւ ավտոճանապարհներին: Օսակայաի պրեֆեկտուրայի Տակացուկի քաղաքում մի քանի տեղով վնասվել է ջրատարը, հեղեղված փողոցներով երթեւեկությունը փակված է: Աղետի գոտում պարապմունքները դադարեցված են գրեթե 300 դպրոցներում: Դրանցից յոթում ճեղվածքներ են հայտնաբերվել պատերին: Մոտավորապես 100 հազար բնակարան աղետի գոտում մնացել է առանց գազի:

Ինչպես ավելի վաղ իր կայքում հայտնել է Kansai Electric Power էներգետիկական ընկերությունը, ատոմային էներգետիկայի օբյեկտները չեն տուժել: Փրկարար աշխատանքներում ներգրավված են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ:

Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1: Ստորգետնյա ցնրցումների էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում է ճգնաժամային շտաբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: