Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 48-ը՝ տուժել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Գումա գավառում (չինական անվանումը՝ Պիշան) տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը: Փրկարարական ծառայություններն արեն ձեռնամուխ են եղել տարերքի հարվածի հետևանքների վերացման աշխատանքներին, իրադրությունը անձնական հսկողության տակ է վերցրել նահանգի կուսակցական կոմիտեի ղեկավար Չժան Չունսյանը:
Առկա տվյալներով՝ ամբողջությամբ ավերվել կամ մասնակիորեն տուժել է 3 հազար շինություն: Փրկարարական խմբերի ուժերով ճամբար է կազմակերպվում ժամանակավոր բնակության համար, աղետի վայր են հասցվել հազարավոր վրաններ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան, երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա: Դրանից անմիջապես հետո գրանցվել են ավելի փոքր ուժգնությամբ ևս մի շարք ստորգետնյա ցնցումներ:
Գումա գավառը գտնվում է Սինցզյանի վարչական կենտրոնից՝ Ուրումչի քաղաքից, 1,8 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դրա բնակչությունը կազմում է շուրջ 258 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: