Եմենում ռազմական գործողությունների հետևանքով մարտի 7-ից 13-ը զոհվել է 119 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն՝ ավելացնելով, որ մարտի 19-ից ի վեր զոհվել է 767 մարդ: Կազմակե րպությունը պարզաբանել է, որ վիրավորների թիվը հասել է 2906-ի: Ռազմական հակամարտության հետևանքով գաղթականների թիվը կազմել է մոտ 254.5 հազար:

 

Կազմակերպությունը միջազգային հանրությանը խնդրել է 25.2 միլիոն դոլար հատկացնել՝ Եմենի բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ՄԱԿ-ը դոնոր-պետություններից պահանջել է 273.7 միլիոն դոլար՝ Եմենին օգնություն հասցնելու համար:

 

Եմենի հարավում արաբական դաշինքի ռմբալոծությունների և Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների և հոուշիների միջև բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել:

 

Ռմբակոծությունների հետևանքով հոուշիներին պատկանող չորս զրահամեքենաներ, տանկեր են ոչնաչցվել, նաև սպանվել են մոտ 20 հոուշիներ: Ռմբակոծությունը տեղի է ունեցել Հաջ նահանգում:

 

Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակով ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:

 

Եմենի Նախագահին օգնելու նպատակով Սաուդյան Արաբիան մարտի 26-ին ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել շիա ապստամբների դեմ: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: