«Ես այն մարդու կողքը կլինեմ, ով Թեղուտը կկանգնեցնի, բայց այդպիսի հայտարարություն ոչ մեկը դեռ չի արել: Ես կարդում եմ ծրագրերը, և այդպիսի քայլեր չեմ տեսնում»,- 168.am-ին ասաց բնապահպան Գագիկ Սուխուդյանը՝ հավելելով, թե Հայաստանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան, սակայն Թեղուտն այն դեպքերից է, որը դեռ հնարավոր է փրկել:
«Ես մի օրինակ բերեցի միայն, որ դեռ հնարավոր է կանգնեցնել: Իհարկե, բազմաթիվ այլ խնդիրներ կան՝ Ամուլսարը, Սոթքը, Մեղրաձորը, դուք ինձնից լավ գիտեք: Ով կտրուկ կփոխի սոցիալ-տնտեսական զարգացման ավերիչ այս ուղին՝ հանքարդյուանբերությունը, ես նրա կողքը կլինեմ երկու ձեռքով, 10 հազար մարդ էլ անձամբ կբերեմ, բայց այդպիսի մարդ չեմ տեսնում»,- նշեց Գագիկ Սուխուդյանը՝ հավելելով, որ մինչև քարոզարշավի ավարտը և բուն քվեարկության օրը իր կարծիքը չի փոխվի:
Նա համոզված է, որ իր ասածը ոչ թե բարի ցանկություն է, այլ անհրաժեշտություն: Գագիկ Սուխուդյանի կարծիքով, ժողովրդը ցեղասպանության ենթարկվում է կամ 1915թ. սցենարով, կամ շրջակա միջավայրի ոչնչացմամբ: «Մենք այս փոքր հանրապետությունում ունենք 670 հանքի շահագործման թույլտվություն, 499 հանքը գործում է բաց եղանակով: Մենք սպանում ենք մեր հանրապետությունը: Ամենակարևոր հարցին նախագահը պիտի անդրադառնա: Ոչ մի նախագահի թեկնածու այս ութի միջից չի ասել այդ բաները»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:
Հարցին, թե իր պաշտոնավարման տարիներին գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերել բնապահպանական խնդիրների նկատմամբ, Գագիկ Սուխուդյանը պատասխանեց. «Այդ հինգ տարիների ընթացքում հենց այդ 600 հանքերը շահագործման հնարավորություն ստացան, և այդ օրենքները, որը թույլ է տալիս, որ Կանադան, Չինաստանը, Գերմանիան գան այստեղ հանքարդյունաբերութամբ զբաղվեն, իր ժամանակ եղան: Ինչի՞ մասին է խոսքը»:
Հաճախ է բնապահպանների հասցեին հնչում քննադատություն, թե նրանք ամեն ինչ ծայրահեղացնում են: ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն էլ, երեկ հանդիպելով բնապահպանական խնդիրներով հարուստ Սյունիքի մարզի բնակիչների հետ, ասել էր, թե չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ցանկացած նոր արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելիս կամ հանքավայր շահագործելիս անիմաստ աղմուկ ստեղծել:
«Մենք իրավունք չունենք գոտիներս ամբողջովին ձգել, ասել' ոչ, մենք ընդերքը հիմա ընդհանրապես չենք շահագործելու կամ շահագործելու ենք 70 կամ 100 տարի հետո»,-ասել էր Սերժ Սարգսյանը:
Գագիկ Սուխուդյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հիմնավոր Սերժ Սարգսյանի այս մոտեցումը: «Մենք փաստերն ենք ֆիքսում, ինչ կա՞ այդտեղ ծայրահեղության: Սևանում ձուկ չկա, վաղը Թեղուտ չի լինի, Զանգեզուրում առողջ մարդ չկա, երեխաների մազերի մեջ մկնդեղ կա: Եթե մենք շարունակենք այս ծրագրով, մենք կշարունակենք կործանվել»,- հակադարձեց Գագիկ Սուխուդյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Սուխուդյանը 1982-1991թթ. եղել է «Սևան» ազգային պարկի տնօրենը և պարկի գլխավոր հատակագծի հեղինակը: Թեղուտի և բնապահպանական մի շարք խնդիրների համար ակտիվ պայքար մղող Մարիամ Սուխուդյանն, ի դեպ, Գագիկ Սուխուդյանի դուստրն է: