Շրջանառության հարկի մասին ՀՀ Օրենքի ընդունմամբ կառավարությունն իբր էականորեն թեթևացրել է ՓՄՁ սուբյեկտների վիճակը Հայաստանում: Քննարկենք, թե ինչ գնով է դա արվել:
Օրենքի ջատագով պետական պաշտոնյաները ջանք չեն խնայում հայտարարելու, որ ՓՄՁ սուբյեկտներն այլևս հաշվառում չեն վարելու, և չպետքէ այլևս հաշվապահական ծախսեր կատարեն:
Նախ, դա բացարձակապես այդպես չէ (ինչի մասին ևս բավականաչափ խոսվել է): Եթե կարելի է համաձայնվել, որ որոշ չափով հաշվառման խնդիրները թեթևացել են, ամենևին չի կարելի ասել, որ դրանք վերացվել են: Իսկ ինչպես գիտենք, կիսով չափ հղի պարզապես չեն լինում:
Մյուս կողմից, տարօրինակ տրամաբանությամբ կառավարությունը որոշել է “լավություն” անել ՓՄՁ որոշ սուբյեկտների՝ ՓՄՁ այլ սուբյեկտների (ի դեմս հաշվապահական ծառայություններ մատուցող մանր ու միջին ընկերությունների) և քաղաքացիների մի զգալի խմբի (ի դեմս անհատ հաշվապահների) հաշվին:
Հաշվապահները վերջին շրջանում ակամայից հիշում են հարսի միջոցով փեսային լավություն անելու հայտնի ժողովրդական խոսքը:
Եվ դեռ այսքանը բավական չէ. կառավարությունն իր թեթև ձեռքով հարկման առավել բարդ ու ծանր համակարգ է մղել հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններին, փաստորեն դրանով իսկ խտրական վերաբերմունք ցուցաբերելով ՓՄՁ տարբեր սուբյեկտների միջև:
Իհարկե, այս հարցադրմանը պատասխանատու պաշտոնյաները կպատասխանեն, որ ոչ միայն հաշվապահական կազմակերպություններին է արգելված հարկվել շրջանառության հարկով, այլև որոշ այլ տեսակի գործունեություն իրականացնողներին' օրինակ բանկերին, և ի վերջո հաշվապահական կազմակերպության համար դժվար չի լինի վարել այսպես ասած “բարդ” հաշվառում:
Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ իրենց լսող շահագրգիռ անձը թերևս բանական էակ է և հասկանում է, թե ինչ մասին են իրենք լռում: Բանն այն է, որ ՓՄՁ սուբյեկտը ՓՄՁ սուբյեկտ է՝ անկախ նրանից, թե ինչ գործունեություն է իրականացնում' բանկային, էներգետիկ, վարկային, թե ասենք օրինակ ատոմակայան է շահագործում: Եթե նա շահագործում է այնքան փոքրիկ բանկ, ատոմակայան, կամ թեկուզ երկաթուղի, որն իր ցուցանիշներով համապատասխանում է ՓՄՁ հասկացությանը (կառավարությունը որոշել է, որ դա 58.35 միլիոն դրամը չգերազանցելն է), ուրեմն նա պետք է իրավունք ունենա պարզեցված հարկվելու, և որևէ այլ բացատրություն այստեղ ավելին չէ, քան պարզ խտրականություն:
Միաժամանակ, նաև հասկանալի է դառնում այսպիսի մոտեցման շարժառիթը. երբ հետևում ենք տարբեր հեռուստաալիքներով ՊԵԿ վերաբերյալ թեմատիկ հաղորդաշարերում ՊԵԿ բարձրաշտիճան պաշտոնյաների' ՊԵԿ նախագահի և նրա տեղակալների հարցազրույցներին ու դրանց ընթացքում արտահայտած մտքերին:
Վերջիններիցս պարզ է դառնում, որ ՊԵԿ-ն իրեն թշնամի է համարում որակյալ հաշվապահներին և աուդիտորներին: Իրենց կարծիքներում ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալներն անընդհատ շեշտում են այն միտքը, որ շատ ընկերություններ որակյալ հաշվապահների կամ հաշվապահական ծառայությունների օգնությամբ կարողանում են կազմակերպել պատշաճ փաստաթղթավորում, և նրանց տուգանելը դժվարանում է: Ավելին, նրանք հպարտորեն ընդգծում են, որ պետք է գտնեն ընկերություններում ներդրված որակյալ հաշվառման և փաստաթղթաշրջանառության համակարգերը շրջանցելու եղանակ, փաստորեն որպեսզի տուգանելը հեշտանա:
Այսպիսով, նրանք փաստորեն գտել են լավագույն ելքը' օրենսդրորեն խեղճացնել հաշվապահներին և հաշվապահական ու աուդիտորական ընկերություններին, և միաժամանակ տուգանքների սահմանումը կապել այնպիսի երևույթների հետ, որոնք որևէ առնչություն չունեն հաշվարկված հարկերի մեծության կամ ճշտության հետ, օրինակ՝ գույքագրման արդյունքում հայտնաբերված պակասորդի տուգանումը:
Այսպիսով, ստացվում է, որ ըստ ՊԵԿ նոր կտակարանի՝ որակյալ հաշվապահություն և հաշվառում ունենալն արդեն իսկ մեղք է, և ՊԵԿ-ը ջանքեր կգործադրի հարկատուի դեմ: Էլ ուր մնացին հավաստիացումները, որ այլևս հարկայինը ոչ թե թշնամի է, այլ գործընկեր:
Ի վերջո, այսպիսի անհեթեթ իրավիճակներ եղել են և կլինեն: Դրա համար կան բոլոր նախադրյալները' ֆինանսական ծառայությունների (մասնավորապես աուդիտորական, հաշվապահական և այլն) ոլորտը կարգավորող մարմինը' ՀՀ Ֆինանսների նախարարությունը բացարձակ իմպոտենտ է և որևէ կերպ չի արտահայտում կամ պաշտպանում ոլորտում գործող սուբյեկտներին, հաշվապահներն ու աուդիտորներն անպաշտպան են, և հայտնի չէ, թե ինչով են զբաղված համապատասխան ասոցիացիաները, բացի նրանից, որ աշխատավարձ են ստանում ինչ ինչ ծառայություններ մատուցելով, ինչպես նաև անդամավճարներից (համենայն դեպս, մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել համապատասխան կազմակերպությունների կողմից), ՊԵԿ-ին թույլատրված է օրենքները փոխել և հարկել ոնց պատահի, ԱԺ-ն անխափան դակում է բոլոր օրենքները, և այս բոլոր մարմիններին քաջ հայտնի է, որ հաշվապահ աուդիտորների պրոֆեսիոնալ հանրույթն այնպիսին չէ, ինչպես օրինակ ատամնաբույժները, և դժվար թե բողոքի ակցիա իրականացնի նախագահական նստավայրի մոտ, ինչպես նաև չունի այնպիսի կարգավորող նախարարություն և նախարար, ով գոնե պատշաճությունից ելնելով համենայն դեպս հրապարակային մակարդակում կփորձեր պաշտպանել նրանց շահերը:
Հ.Գ. հաշվապահ-աուդիտորների հրապարակային միասնական բողոքը քիչ հավանական է նաև այն պատճառով, որ վերջիններս ունեն ՊԵԿ կողմից հակահարձակում-տեռորի դաժան փորձը, երբ անհնազանդ և անհարմար հաշվապահի կամ աուդիտորի կողմից սպասարկվող կազմակերպություններում համատարած ստուգումներ են սկսվում: Իսկ հայաստանյան հաշվապահների մի զգալի մասը պատասխանատու մարդիկ են, նրանք ըստ երևույթին կխուսափեն իրենց գործատուներին հարվածի տակ դնելու հեռանկարից:
Շուտով' պոտենցիալ նախկին հաշվապահ Էդգար Բալայան