Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելել էր Պետական եկամուտների կոմիտե և խրախուսում էր ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ գոհունակություն հայտնելով նրանց աշխատանքից: Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, որ եթե պետական կառավարման համակարգի մյուս օղակներն էլ գոնե ՊԵԿ-ի աշխատանքի 80 տոկոսով աշխատեն, իրավիճակը գոհացուցիչ կլինի: Այս արտահայտությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանը կամ բացարձակապես տեղյակ չէ ՊԵԿ-ի աշխատանքներից, կամ էլ Հայաստանում իրական բարեփոխումներն ու արդիականացումը որևէ կերպ չեն մտնում նրա ծրագրերի մեջ, և նրա ելույթները ընդամենը դատարկ հայտարարություններ են:

Բանն այն է, որ չնայած, այսպես ասած, առերևույթ նորարարացմանը, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է, այսպես ասած, իր կամայական աշխատաոճը գործարար սուբյեկտների հետ' իհարկե մանր և միջին, այն էլ՝ նրանց, ովքեր խոշոր տանիքներ չունեն: Խոշոր բիզնեսի հետ աշխատանքը մեկ այլ պատմություն ու հարթություն է: Հայաստանի հարկային և մաքսային կառույցներում, չնայած, այսպես ասած, տեխնոլոգիական արդիականացման գործընթացին, համակարգչայնացմանն ու էլեկտրոնացմանը, աշխատակիցների վարքն ու մտածողությունը նույնն է մնացել: Այդ ամենն իմանալու համար Սերժ Սարգսյանին հարկ է ոչ թե այցելել ՊԵԿ և արարողակարգային ելույթներ ունենալ, այլ հնարավորինս «շարքային» հանդիպումներ ունենալ մանր ու միջին գործարարների հետ և անկեղծ զրույցի տրամադրել նրանց: Այդ հանդիպումների արդյունքում Սերժ Սարգսյանն այնքան բան կիմանա ՊԵԿ իրական աշխատանքի մասին, որ ոչ թե կհայտարարի, թե գոնե մյուս պետական օղակներն էլ մոտ 80 տոկոսով աշխատեին ՊԵԿ-ի նման, այլ չէր ուզի, որ որևէ պետական օղակ ՊԵԿ-ի գոնե կես որակն ունենար: Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում մյուս օղակները այդ տեսանկյունից ՊԵԿ-ից առանձնապես հետ չեն մնում:

Միգուցե Սերժ Սարգսյանն այս ամենի մասին այնքան էլ լավ տեղեկացված չէ, և նրան թվում է, որ բավական է մի ելույթով կոչ անի բարեփոխվել, ու բոլոր տեղերում «հավսար' զգաստ» բարեփոխվում են: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը, ըստ էության, չի էլ պահանջում առանձնապես ուշադիր լինել և բարեփոխվել: Նա իր ելույթների հետքերով բացարձակապես հետևողական չէ, ինչը հիմք է տալիս կարծել, որ Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, գիտե իրավիճակի մասին, բայց նրան դա չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է քարոզչությունը, տպավորությունը, շոուն: ՊԵԿ-ում Սերժ Սարգսյանի հերթական քարոզչական շոուն ունի նաև մեկ այլ ասպեկտ:

Սերժ Սարգսյանն այցելել է պետական կառավարման համակարգի մի օղակ, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը, որն ունի բազմաթիվ սեփականություններ, որը, ըստ էության, տնտեսական դաշտում հանդիսանում է, մեղմ ասած, շահագրգիռ կողմ: Ինչ-ինչ, բայց Սերժ Սարգսյանը գոնե այդ մասին գիտե հաստատ, և այդ մասին իմանալով՝ լռելյայն նստում է մի տեղ, որտեղ բիզնեսն ու իշխանությունն են խաչվում և գրկախառնվում: Իսկ բիզնեսի և իշխանության սերտաճումը ոչ միայն հակասահմանադրական է, ապօրինի, այլ նաև, ըստ էության, պետական կառավարման տրամաբանությանը դեմ է տնտեսության համար կարևորագույն ճյուղի ղեկավար նշանակել մի մարդու, որը խոշոր սեփականատեր է, խոշոր ներկրող և ըստ էության՝ մարդ, սուբյեկտ, որն ակնհայտորեն շահագրգռված է ՊԵԿ-ի իր բիզնեսների հանդեպ լոյալ վերաբերմունքով: Եթե սրան գումարվում է նաև հավանական մրցակիցների բիզնեսների խնդիրը, որոնց վրա նա կարող է ազդեցություն գործել պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապա պարզ է դառնում, որ ի դեմս ՊԵԿ նախագահի մենք գործ ունենք մի հսկայական կոռուպցիոն ռիսկի հետ:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ կոռուպցիոն ռիսկն է գովաբանում և խրախուսում, երբ գոհունակություն է հայտնում ՊԵԿ աշխատանքից: ՊԵԿ նախագահ, խոշոր սեփականատեր Գագիկ Խաչատրյանը, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի թանկագին օլիգարխներից է, և այդ իսկ պատճառով նա շարունակում է հանգիստ պաշտոնավարել, իսկ տնտեսության մեջ ձեռք բերել նորանոր տիրույթներ:

Գագիկ Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանում իշխող համակարգի խորհրդանիշներից մեկը, և նրա հանդեպ հովանավորությունը հավասարազոր է համակարգի հանդեպ հովանավորության: Դա վկայում է, որ Հայաստանում հայտարարված համակարգային վերափոխումների գործընթացը, որ հռչակել է Սերժ Սարգսյանը, ընդամենը մասնակիորեն է այդպիսին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի համար կան ընդամենը յուրային և «օտարե օլիգարխներ, կամ ցուցափեղկի համար օլիգարխներ, որոնց ցույց են տալիս հանրությանը, որոնց հանդեպ ցուցադրական ակտեր են իրականացվում անհրաժեշտության դեպքում, և կան օլիգարխներ, որոնք հանդիսանում են համակարգի տնտեսական գեներատորները, և որոնք գտնվում են նախագահի «բարձր հովանու» ներքո: Գագիկ Խաչատրյանը կարծես թե հենց նրանցից է, այլապես նա կամ պաշտոնից պետք է զրկված լիներ մինչև հիմա, կամ պետք է զրկված լիներ սեփականությունից:

Սա, իհարկե, ամենևին Խաչատրյանի անձնական խնդիրը չէ: Պարզապես այդ կոնկրետ օրինակը վկայում է Հայաստանի համար համակարգային մի խնդրի մասին, որի լուծման ուղղությամբ ոչ միայն չեն կատարվում քայլեր, այլ որը փաստորեն «հատուկ պահպանության» է արժանանում նախագահական մակարդակով, և անկասկած ոչ առանց իշխանական համակարգում Գագիկ Խաչատրյանի օլիգարխ գործընկերների շահագրգռվածության, քանի որ ՊԵԿ նախագահի փոփոխությունը նրանք դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք նաև իրենց բիզնեսներին և դիրքերին, եթե, իհարկե, այդ փոփոխությունն էլ ոչ թե ցուցանակի համար է, այլ իրական արդյունքների: