«ԱՅԲ» կրթական հիմնադրամը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Կապանում ներկայացրեց կրթության գերազանցության ազգային ծրագիրը' տարածաշրջանի կրթության, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների, ավագանու անդամների մասնակցությամբ: Ծրագրի հանրային լսումների շրջանակներում դա մարզային փուլի առաջին հանդիպումն էր:

 

Նախ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր-քահանա Մեսրոպ Արամյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, նշելով, որ այն իրականացվում է պետական մակարդակով' ուղղակիորեն ՀՀ-ի Նախագահի հովանու ներքո:

 

«Մենք չենք հստակեցրել, թե որն է մեր ազգային հոգեւոր գազափարախոսությունը, որոնք են մեր արժեքները, որ գալիս են մեր ակունքներից, եւ համակարգ չի ստեղծվել ըստ էության ազգային դպրոցում այդ ամենը ներդնելու համար: Եթե մենք ասում ենք ազգային, ուրեմն դա պետըք է կարողանանք փոխանցել եկող սերունդներին», - աս աց Արամյանը:

 

Ըստ բանախոսի ծրագիրը նախատեսում է ՀՀ եւ Արցախի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշերին համապատասխան հայալեզու կրթական արարատյան բակալավրիատ ծրագիրը: Այդ նպատակով պետք է պատրաստել որակավորված ուսուցիչներ: 10-ամյա ծրագրի արդյունքում արարատյան բակալավրիատը կներդրվի բոլոր դպրոցներում, որակավորում կստաան մոտ 2 հազ. արարատյան բակալավրիատի ուսուցիչ եւ մոտ 20 հազ. ուսուցիչ կներգրավվի ծրագրի շրջանակներում: Իսկ մինչ այդ' 2016-2019թթ. ընթացքում ավագ 14 դպրոցներ, որից մեկը Արցախում, ամբողջովին կանցնեն արարատյան բակալավրիատի:

 

Տեր-քահանա Մեսրոպ Արամյանի հավաստմամբ, այդ դպրոցները հիմնովին կնորոգվեն եւ բոլոր ուսուցիչները կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորմամբ: «2019-2023թթ. Հայաստանի բոլոր ավագ դպրոցներ մուտք կգործի արարատյան բակալավրիատը' մեկական հոսքային դասարան կունենա յուրաքանչյուր դպրոց, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցի յուրաքանչյուր երեխա ունենալու է Հայաստանում լավագույն ծրագրերով եւ լավագույն ուսուցիչների միջոցով սովորելու հնարավորություն», - ընդգծեց Արամյանը:

 

Հանդիպման ընթացքում եղավ հարց ու պատասխան, որի միջոցով քննարկվեցին ծրագրին առնչվող հարցեր: Ծրագրի քննարկման փուլը կտեւի մի քանի ամիս, որից հետո այն, հնարավոր է, փոփոխության ենթարկվի արված առաջարկների արդյունքում, որից հետո կներկայացվի վերջնական հաստատման: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը մշակել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ' համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:

 

Գոհար Իսախանյան