Ադրբեջանական լրատվամիջոցներն ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը կրկին աղավաղել են հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ հայկական կողմի հարցադրումը: Ավելին, նրանք խեղաթյուրել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն այդ հարցադրմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Մենք ներկայացրել ենք մեր ազգային անվտանգության շահերին վերաբերող հարցադրումներ, մասնավորոպես հարց է հնչել Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման և դրա առնչությամբ միջազգային արձագանքի վերաբերյալ, բոլոր լրատվամիջոցներն արդեն հրապարակել են և հարցադրումը, և պատասխանը: Ադրբեջանական լրատվամիջոցները և նաև Ադրբեջանի պատվիրակներն այս անգամ ևս աղավաղել են ինչպես հարցադրումները, այնպես էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտ ուղարի կողմից տրված պատասխանները: Մենք արդեն ունենք այն համոզումը, որ դա իրենց ընտրած քարոզարշավի մասն է կազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Կորյուն Նահապետյանը:

 

Նրա տեղեկացմամբ' ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը հայկական պատվիրակության հարցմանը եղել է այն, որ ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

 

Ինչ վերաբերում է ուղղաթիռի խոցման կապակցությամբ տարբեր երկրների առանձին պատվիրակների վերաբերմունքին, ապա Կորյուն Նահապետյանը նշեց, որ իրենք շատերի հետ քննարկել են հարցը, ներկայացրել մտահոգություններ: «Առանձին պատվիրակների հետ քննարկումներ ունեցել ենք, պետք է նշեմ, որ շատերի մոտ տեղեկացվածության պակաս կա: Այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այլ հարցերի վրա, ինչպես օրինակ, սիրիական և ուկրաինական ճգնաժամերը, իրավիճակը Աֆղանստանում 2014 թվականից հետո, մի շարք այլ հարցեր: Քննարկումները ցույց տվեցին, որ իրենք ունեն իր ենց օրակարգը: Բայց մենք էլ պարտավոր ենք միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել մեր խնդիրներն ու մտահոգությունները»,-հայտնեց Կորյուն Նահապետյանը:

 

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը մասնակցել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:

 

Իսկ արցախյան ուղղաթիռը ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմիցխոցվել էր նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում: Զոհվել է ուղղաթիռի երեգ հոգանոց անձնակազմը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը, մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նրանցից մեկի մարմինն ու երկուսի մասունքը դուրս են բերել Ադրբեջանի կողմից կրակահերթի տակ պահվող գոտուց մոտ տասն օր անց եւ հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով: