Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նոր նախաձեռնության մասին, որը նպատակամղված է երկրի արեւելքում գործող աշխարհազորայինների հետ փխրուն հրադադարի ամրապնդմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը հայտարար ել է դեկտեմբերի 9-ից Դոնբասում «անդորրի օր» սահմանելու մասին:

 

Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրը Agence France-Presse-ին հայտնել է, որ եթե Դոնեցկը եւ Լուգանսկը վերահսկող անջատականները կատարեն զինադադարի պայմանները, ապա Ուկրաինան կկարողանա դեկտեմբերի 10-ից սկսել ծանր տեխնիկայի հետքաշումը ռազմաճակատի գծից:

 

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին ՌԻԱ Նովոստիին հավաստել է, որ իրենք Կիեւի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն դեկտեմբերի 9-ից Դոնբասում հրադադար հայտարարելու վերաբերյալ, բայց համապատասխան փաստաթուղթը դեռեւս չի ստորագրվել:

 

Մինչ այդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախօրյակին բանաձեւ է ընդունել, որով վճռականորեն դատապարտվում է հարեւան պետությունների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները: Դրանում, մասնավորապես, աջակցություն է հայտնվում նախագահ Պորոշենկոյի եւ Ուկրաինայի ժողովրդի այն ջանքերին, որոնք նպատակամղված են երկրում խաղաղության հաստատմանը:

 

Բանաձեւը «հաստատում է իրենց ինքնիշխան իրավունքները իրականացնելու Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի իրավունքը՝ առանց արտաքին ինտերվենցիայի»: