Հնարավոր չէ նշել «Իսլամական պետության» կամ այլ զինված խմբավորումների դեմ պատերազմի ավարտի կոնկրետ ժամկետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արա բական լրատվամիջոցները, այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ֆրանսիական «Պարի Մատչ» ամսագրին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ սիրիական բանակն անհնար է, որ լինի բոլոր վայրերում, և այն վայրերում, որտեղ սիրիական բանակ չկա, այդ սահմաններից գալիս են ահաբեկիչները և մտնում այդ շրջան:
Նա նաև նշել է, որ պատերազմը չի ընթանում երկու բանակների միջև, որպեսզի մեկը մի տարածք գրավի, մյուսը' մեկ այլ: «Իրականում պատերազմն ընթանում է ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք հանկարծակի ներխուժում են որևէ վայր: Պատերազմը նրանց դեմ կլ ինի երկար և դժվար»,- նշել է Ասադը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ասադը արդյունավետ չի համարել միջազգային դաշինքի օդային հարվածները ԻՊ-ի դեմ: Ըստ նրա' հնարավոր չէ օդային հարվածներով վերջ տալ ահաբեկչական խմբավորումների գոյությանը, եթե ցամաքային պատերազմում արդյունք չի գրանցվում:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից: