Սիրիական բանակը Ջաբալ Կալամունի հյուսիսային հատվածում ահաբեկչական խմբավորումների 7 ղեկավարի է ոչնչացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նաև ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող 3 տանկ: Զաբադանիի շրջանում բանակը հարձակվել է ահաբեկիչների թաքստոցների վրա, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:
Ռազմական գործողությունները շարունակվել են Արևելյան Ղուտայի ագարակներում՝ ան Նուր մզկիթի մոտ, ոչնչացվել են «Լիուա ալ Իսլամ» խմբավորման մեծ թվով անդամներ:
Դարաայի մարզի Տաֆաս քաղաքում կառավարական ուժերը ծայրահեղական խմբավորման անդամներ են ոչնչացրել և մեծ վնասներ հասցրել նրանց տեխնիկային: Սիրիա-հորդանանյան սահմանին հետախուզական գործողություններ ծավալելու ժամանակ ապստամբներ են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիական բանակն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում մարտի 3-ին իր հակակշռի տակ է առել Հոմսի արևելքում գտնվող Ջաբալ Շայիր շրջանի գազի հանքը: Բախումների ժամանակ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց վերջին հավաքատեղիները: Գազի հանքի վերահսկողությունը կդադարեցնի ահաբեկիչների կողմից գազի գողությունը: