Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հաստատել է ԱՄՆ-ի տեղեկությունն այն մասին, որ Իրանն ավիահարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian պարբերականը։

 

Ռահիմպուրի խոսքով՝ Իրանն ավիահարվածներ է հասցրել՝ հանուն «Իրաքում իրենց ընկերների շահերի պաշտպանության»։

 

«Այս հարցում մենք չենք ունեցել գործողությունների որևէ համակարգում ամերիկացիների հետ։ Մենք համաձայնեցրել ենք ավիահարվածները միայն Իրաքի կառավարության հետ»,- նշել է փոխնախարարը։

 

Հիշեցնենք, որ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ Իրանը F-4 Phantom կործանիչների օգնությամբ ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԻՊ-ի դիրքերին։ Թեհրանը, իր հերթին, հերքել էր տվյալ տեղեկությունը։