Ստեփանակերտում վաղ առավոտից սկսվել է մարդկանց հոսքը դեպի քաղաքային հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Արցախպրես»-ի հետ զրույցում երկրաշարժից հետո անմիջապես աղետի գոտի օգնության մեկնած Վալերի Տոնյանը նշել է, որ 1988թ .-ի այդ օրերին Արցախից բազմաթիվ կամավորականներ էին մեկնել, որոնց հետ միասին ինքը ևս փորձել է օգնության ձեռք մեկնել ծանր վիճակի մեջ հայտնված հայրենակիցներին:

 

«Այդ օրերին, ինչպես գիտեք, Արցախում և Հայաստանում թափ էր առնում Ղարաբաղի հարցի հետ կապված համաժողովրդական շարժումը: Ու երբ հանկարծ եղավ այդ սարսափելի երկրաշարժը, շատերը մտածում էին, որ վերջ, այլևս խնդիրը լուծված է, հայերն էլ երկար ժամանակ դրա մասին չեն խոսի, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ դժվարին փորձության պահին անգամ մենք կարողացանք իրար օգնելով հաղթանակել: Բացի այն, որ այդ օրերին Արցախից բազմաթիվ կամավորականներ էին մեկնել աղետի գոտի, ընդամենը մեկ-երկու տարի հետո մեր կողքին, խրամատներում պայքարում էին մեզ օգնության հասած լենինականցիները, սպիտակցիները և կիրովականցիները»,-ասել է Տոնյանը՝ հավելելով, որ չնայած արդեն 26 տարի է անցել, բայց առայսօր թարմ են մնում այդ օրերի դաժան հիշողությունները:

 

Բացի Ստեփանակերտից, Սպիտակի անմեղ զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք են մատուցում նաև Արցախի բոլոր շրջաններում: