Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական մեքենաների նոր կազմավորված անձնակազմերն սկսել են դրանք վարել «Կամխոտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարաններում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սպառազինման գծով ռազմակայանի փոխհրամանատար գնդապետ Անդրեյ Բրիզգալինի ղեկավարությամբ ավելի քան 500 զինծառայողներ՝ անձնակազմերի հրամանատարներ, վարորդներ, մեխանիկ-վարորդներ, նշանառու-գործարկուներ ուսումնամարտական խմբի ավելի քան 100 միավոր տեխնիկայով կմասնակցեն տանկերի, հետեւակի մարտական մեքենաների, ինքնագնաց զենիթային կայանքների եւ հրանոթների շահագործման գործնական պարապմունքների:

 

Նոր ժամանած զինծառայողների հետ պարապմունքների բնորոշ առանձնահատկությունն այն Է, որ պարապմունքների 30 տոկոսն անցկացվելու Է օրվա գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի, կրակի վարման նմանակման միջոցների եւ պայմանական հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների կիրառմամբ՝ «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրի վերահսկողության ներքո: