Գերմանական մամուլը' Մխիթարյանի մասինՉեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիայի» վերջին հանդիպմանը և մասնավորապես Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի խաղին է անդրադարձել գերմանական մի քանի պարբերական: «Մխիթարյանն անընդհատ զբաղված էր, սակայն ամեն անգամ վրիպում էր նպաստավոր դիրքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտում է Գերմանիայի ամենահայտնի մարզական պարբերականներից' Kicker-ը:
«Իրականում Մխիթարյանն ամեն բան խաղադաշտում ճիշտ էր անում: Խլում էր գնդակը մրցակցից և նետվում հերթական գրոհի: Ամբողջ երեկոյի ընթացքում Մխիթարյանը պայքարի մեջ էր: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Մխիթարյանը դեռ չի դարձել ոչ մի գոլի հեղինակ: Այս խաղում Մխիթարյանն ուներ շատ պահեր' գոլ խփելու համար, սակայն կրկին չէր օգտագործում իր հնարավորությունները»,- գրում է Der Westen-ը:
«Հանդիպման սկզբում Մխիթարյանը խաղադաշտ մտավ լավ գաղափարներով: Մխիթարյանը կարող էր աչքի ընկել դեռ այն ժամանակ, երբ մեծ արագություն հավաքեց առաջին խաղակեսում: Նա պարտավոր էր, պարտավոր էր հաշիվը գոնե 2-0 դարձնել»,- մեջբերում է ruhrnachrichten-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Անդերլեխտ» խաղում Հայաստանի ազգային թիմի անդամը բազմաթիվ հնարավորություններ ուներ աչքի ընկելու, սակայն, ցավոք, անհաջողությունը հետապնդում է հայ կիսապաշտպանին: