«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է դաժանությունները Իրաքի քրիստոնյաների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս անգամ ԻՊ-ն անմարդկային վերաբերմունք է դրսևորել երեխաների հանդեպ:
Բաղդադի թեմի անգլիացի քահանա Էնդրյու Ուայթը լրագրողներին տված իր հարցազրույցում նշել է ԻՊ-ի զինյալների հերթական հանցագործության մասին. նրանք ստիպել են քրիստոնյա երեխաներին իսլամ ընդունել: Նրա խոսքով' ահաբեկիչները գերի են վերցրել 4 երեխաների, ում տարիքը չի գերազանել 15-ը: Երեխաները հրաժարվել են իսլամ ընդունել, ինչից հետո ահաբեկիչներն անողոքաբար գլխատել են նրանց:
Ավելի վաղ բազմիցս տեղեկություններ են հաղորդվել պետական պաշտոնյաների, զինվորականների, ոստիկանների հանդեպ իրագործված դաժան սպանությունների մասին:
ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին, և այժմ ընդգրկվում է 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: