ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կոռեկտության կոչ արեց և խորհուրդ տվեց չշեղվել քննարկվող թեմայից: Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցի քննարկման ընթացք ում Լևոն Զուրաբյանն սկսեց կրկին քննադատել իշխանություններին՝ մեղադրելով վերջին շրջանում իրականացվող բռնություններում:

 

ՀՀ ԱԺ նախագահը միջամտեց Զուրաբյանի խոսքին՝ կոչ անելով ամբիոնից չասել այն, ինչ ցանկանում է: «Խոսեք հայտարարության տեքստի մասին: Ամբիոնից ասում եք այն, ինչ ցանկանում եք, սակայն դա կոռեկտ չէ: Եթե խոսում եք' մարդավարի խոսեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Սահակյանը:

 

Շարունակելով խոսքը՝ Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք չեն մասնակցելու հայտարարությունն ընդունելու քվեարկությանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո լքելու են դահլիճը: «Փաստորեն, քեզ խոսափող էր պետք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը: Արտահերթ նիստը նախաձեռնել է ՀՅԴ խմբակցությունը, որին միացել է նաև ՀՀԿ-ն: