Ազգային ժողովի այսօրվա նիստի ավարտից հետո, երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել։

 

Վեճի առարկան եղել է Ֆարմանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում ԱԺ ընտրությունների ժամանակ փող է բաժանել հօգուտ ՀԱԿ-ի։ Այս հայտարարությունը այնքան է վրդովվեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ է պահանջել Ֆարմանյանից։

 

Վեճն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի։ ԱԺ պատգամավորները աղմուկի վրա դուրս են եկել և բաժանել իրար քաշքշող Ֆարմանյանին ու Զուրաբյանին։

 

Ավելի ուշ hraparak.am-ը կապվել է Սամվել ֆարմանյանի հետ և խնդրել հնարավորինս հանգամանալից ներկայացնել, դեպքի մանրամասները: Պատգամավորը կայքին փոխանցել է հետևյալը. «Ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ էլ տեղի իրականում չի ունեցել:

 

Նիստի ավարտից հետո ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները շարունակվեցին նիստերի դահլիճին հարակից սրահում և նախագծի հիմնական հեղինակ պարոն Ռուբեն Հակոբյանի հետ, ինչպես միշտ, բարեկամաբար զրուզում էինք՝ բերելով յուրաքանչյուրս մեր փաստարկները:

 

Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել: Նման իրավիճակում, հավատացնում եմ, ցանկացած հայ տղամարդ կվարվեր նույն կերպ: Ներողություն եմ խնդրում ներկա իմ մյուս գործընկերներից՝ տհաճ միջադեպի համար»: