Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակիչ միջոցները ավերիչ ազդեցություն ունեցան նրա տնտեսության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

 

Էռնեստի խոսքով՝ պատժամիջոցները կործանիչ ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա եւ նրան միջազգային հանրակցությունից մեկուսացրին տարբեր բնագավառներում: Այդպիսով, սահմանափակիչ միջոցների կիրառման ռազմավարությունը հաջողություն ունեցավ, հավելել է նա: Ի հաստատումն իր խոսքերի՝ Էռնեստը բերել է այն փաստը, որ ՌԴ Կենտրոնական բանկը արտակարգ միջոցներ ձեռնարկեց՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

 

Ինչպես ընդգծել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, որքան երկար գործի սահմանափակիչ ռեժիմը, «այնքան ավելի խիստ մեկուսացման մեջ կգտնվի Ռուսաստանը, եւ պատժամիջոցներն այնքան ավելի մեծ ազդեցություն կգործեն Ռուսաստանի տնտեսության վրա», սակայն ԱՄՆ-ը ջանում է խուսափել այնպիսի իրադրությունից, որի դեպքում այդ ազդեցությունը դրամատիկ էֆեկտ կունենա համաշխարհային տնտեսության համար: Ընդսմին ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանում, որ պատժամիջոցների պատճառով տուժի նաեւ ամերիկյան բիզնեսը: