Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ երկիրը հիմքեր չունի Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրներ մատակարարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

«Այդ մասին ես հայտարարել եմ մի քանի անգամ. ներկա պահին, Ֆրանսիայի տեսանկյունից, չկա բավարար առաջընթաց մատակարարումն իրականացնելու համար»,- նշել է պետության ղեկավարը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի ավարտից հետո: Նրա խոսքով՝ «Միստրալների» վերաբերյալ պարտավորագրի իրացումը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարումից, հակառակ դեպքում «համապատասխան եզրակացություններ կարվեն»:

 

Օլանդը նաեւ հայտնել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում որոշել են լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ: «Նոր պատժամիջոցներ չպետք է լինեն: Պատժամիջոցների մեղմացումը կախված կլինի մեր կողմից առաջընթացի արձանագրումից»,- Ֆրանսիայի նախագահի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

 

Նախօրյակին ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջոցները թուլացնելու օգտին, որը, նրա խոսքով, տուժել է պատժամիջոցներից: Դրա համար Մոսկվան պետք է ներգրավվի ուկրաինական ճգնաժամի լուծման գործընթացում: