Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթություններից է հաջորդ տարի կայանալիք' Հայոց ցեղասպանության հարյուրա տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգության ապահովումը:
Այս մասին ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նախատեսվող միջոցառումներն ու արարողությունները հասարակական-քաղաքական բացառիկ նշանակություն ունեն: «Եվ դրանց ընթացքը խաթարելու ցանկացած փորձ համարժեք և կտրուկ արձագանք կստանա: Այստեղ անչափ կարևոր է ծառայության ստորաբաժանումների համակարգված աշխատանքը, սերտ համագործակցությունը ոստիկանության մարմինների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:
Գորիկ Հակոբյանը նկատեց՝ ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալինքերը կտրուկ կարող են աճել: «Համոզված եմ, որ մենք ի զորու կլինենք դիմագրավել այս նենգադավ նկրտումներին»,- հայտարարեց Գորիկ Հակոբյանը:
Նրա խոսքով' անվտանգության ապահովման միջազգային կառույցներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը էապես ընդայնում է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմանային և գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունները: «Գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակցության օրակարգային ամենաարդիական հարցերից մեկն է մնում ահաբեկչական և ծայրահեղական տարաբնույթ դրսևորումների նախականխումն ու կասեցումը»,- շեշտեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Նա համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը նոր թափ կհաղորդի միության անդամ երկրների անվտանգության մարմինների հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Ըստ նրա՝ միջազգային տնտեսության ներկա անորոշության պայմաններում համատեղ ուժերն անհրաժեշտ է լինելու նպատակաուղղել ֆինանսատնտեսական ոլորտներում առաջացող մարտահրավերները կանխավ հայտնաբերելուն՝ հավելելով, որ այս առումով հակահետախուության վարչությունը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու: