ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով, անցնող մարզական տարին գերազանց ընթացք ունեցավ հայ մարզիկների համար:
«Անցնող տարվա մասին խոսելով' կարող եմ ասել, որ շատ լավ տարի էր, գերազանց մրցույթներով:Ամբողջ աշխատանքի գնահատականը տրվեց այն ժամանակ, երբ ՄՕԿ-ի նախագահը եկավ Հայաստան: Տարին հագեցած էր: Սկսեմ Սոչիի խաղերից: Մեզ համար երկակի արդյունք ունեինք: Առաջին անգամ մենք բոլոր մարզաձևերում մասնակցեցինք վարկանիշով, բայց բարձր նվաճումների հասնելու, ապա մեդալակիրներ ունենալու համար մեծ աշխատանք է պետք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը: Անդրադառնալով Նանկինի խաղերին' Ռոստոմյանը շեշտեց, որ անձամբ իր համար Հայաստանի հավաքականը ամենահամախմբվածն էր: «14մարզիկներն էլ վարկանիշով էին մեկնել այդ խաղերին: Նանկինի խաղերին, ցավոք, ունեցանք երկու խնդիր: Մարմնամարզիկի խնդիրն էր, ով, մասնագետների գնահատմամբ, մեդալ կորցրեց, և Անուշ Գրիգորյանից մեծ սպասելիքներ ունեինք, վստահ եմ, որ Անուշը հետագայում մեծ արդյունքների կհասնի»,-փաստեց նա: Պատասխանելով այն հարցին, թե հաջորդ խաղերում արդյոք կգործի՞ պատանեկան խաղերի սկզբունքը և մեր մարզիկները խաղերին կմասնակցեն միայն վարկանիշայի՞ն միավորների շնորհիվ, Ռոստոմյանն ընդգծեց. «Ազգային Օլիմպիական կոմիտեն այն մտքին է, որ չենք մասնակցի այն մարզաձևերի մրցումներին, որոնցում վարկանիշ ձեռք չենք բերի: Բայց կարող են նաև բացառություններ լինել այն մարզաձևերի համար, որտեղ մեդալների ակնկալիքներ կունենանք»: Վերջինիս խոսքով, Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար այս պահի դրությամբ կպայքարեն 16-18 մարզիկներ: