Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից «այս փուլում չի քննարկվում» Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն տրամադրելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

 

«Այս փուլում Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն տրամադրելը դաշինքի կողմից չի քննարկվում: Ուկրաինան ինքն էլ չի դիմել նման խնդրանքով»,- ասել է ԱՄՆ-ի իշխանության գործադիր թեւի ներկայացուցիչը:

 

Միեւնույն ժամանակ նա հավաստել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է «ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը»:

 

«ՆԱՏՕ-ին պոտենցիալ անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունեն ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան, եւ ԱՄՆ-ը պաշտպանում է իրենց երկրի ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ ընդունելու ուկրաինացիների իրավունքը»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: