Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լռեցնել և պատժել բոլոր այն անձանց, ովքեր համարձակվում են իր հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել: Ընդ որում, այս ճանապարհին Թուրքիայի նախագահն անգամ հաշվի չի առնում այն մարդկանց տարիքը, ում նա «նստեցնում է մեղադրյալի աթոռին»: Էրդողանի կամքով' Քոնիայում ոստիկանները դպրոց գնալու ճանապարհին ձերբակալել են 16-ամյա աշակերտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Մ. Է. Ա.-ն մեղադրվում է Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ:

 

Անչափահասը տարվել է Քոնիայի Առաջին ատյանի քրեական դատարան: Հաղորդվում է, որ ավելի վաղ Քոնիայում տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ աշակերտը հայտարարել էր. «Որպես ժողովրդական աշակերտներ' հայտարարում ենք, որ թալանի, կաշառակերության, գողության գլուխ հանդիսացող Էրդողանին տեսնում ենք որպես ոչ թե մեր նախագահ, այլ ապօրինի պալատի գող տեր»:

 

Եթե Մ. Է. Ա.-ի դեմ հարուցվի քրեական գործ, ապա համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի' 16-ամյա աշակերտը նախագահին վիրավորելու համար կարող է դատապարտվել 1-4 տարի ազատազրկման: