Երկրապահ կամավորականների միությունում ավանդույթ է դեկտեմբերի 31-ին Եռաբլուր այցելելը։ Ավանդույթը հիմնել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, եւ նրա իրավահաջորդ զորավար Մանվել Գրիգորյանն էլ սրբորեն պահպանում է ավանդույթը։

 

Բացառություն չէր նաեւ այս տարին։ Տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը մեկնարկեց ԵԿՄ վարչության շենքից։ Շենքի բակում վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մատուռ-աղոթատեղի է կառուցվել։

 

Այստեղ հոգեւոր հայրը օրհնանքի խոսքեր ասաց։ Միջոցառման մասնակիցները՝ ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների պատասխանատուներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՏԻՄ-երի եւ տարածքային կառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, ԵԿՄ-ի հետ գործակցող կառույցների ներկայացուցիչներ, Հանրապետությունում ճանաչված մտավորականներ, մոմ վառեցին եւ խնկարկեցին, այնուհետեւ ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

 

Մինչ Եռաբլուր մեկնելը միջոցառման մասնակիցները, տոնական սեղանների շուրջ, շնորհավորեցին միմյանց եւ հայ ազգին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Զորավար Մանվել Գրիգորյանի առաջարկով ներկաները բաժակ բարձրացրին սպարապետին, այնուհետեւ հնչեցին կենացներ, բարեմաղթանքներ՝ նվիրված ազգին, հայրենիքին, պետությանը, Հայաստան պետությանն ու հայկական արցախ պետությանը։ ԵԿՄ վարչության նախագահը հերթական անգամ կարեւորեց միասնականությունը ազգային իղձերի իրականացման համար։

 

Այնուհետեւ բոլոր ներկաներն ուղեւորվեցին Եռաբլուր՝ խոնարհվելու այնտեղ հանգչող քաջերի հիշատակի առջեւ։ Ի դեպ, նմանատիպ այցելություններ ԵԿՄ տարածքային բաժանմունքները կազմակերպել էին դեպի բոլոր եղբայրական գերեզմաններ։